Հարցազրույցներ
28.04.22, 11:42

Քննիչի մասնագիտությունը զուտ մասնագիտություն չէ, այլ ավելի շուտ՝ ապրելակերպ․ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյան (լուսանկարներ)

Քննիչի մասնագիտությունը զուտ մասնագիտություն չէ, այլ ավելի շուտ՝ ապրելակերպ․ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյան (լուսանկարներ)

Քննիչի մասնագիտությունը միայն զուտ մասնագիտություն չէ, այլ ավելի շուտ՝ ապրելակերպ․ այս կարծիքն է հայտնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը՝ մեկնարկելով Iravaban.net–ի նոր՝ «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքը։

-Պարոն Վարդանյան, ներկայումս հիմնականում ի՞նչ աշխատանքներով է զբաղված Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի կազմակերպման, մեր աշխատանքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության և այն անաչառ լուսաբանելու համար: Վարչությունը համակարգում է Երևան քաղաքի վարչական շրջանների և մյուս ստորաբաժանումների գործունեությունը: Ի թիվս իր ծավալուն գործառույթների՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերը,  միջոցառումներ է ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ, քննարկում է դիմում-բողոքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված միջնորդությունները, հաղորդումները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկում է վարույթն իրականացնող ստորաբաժանման քննարկմանը, ապահովում է համագործակցությունը կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:

-Դուք Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում եք անցած տարվանից, մինչ այդ էլ զբաղեցնում էիք ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը, կնշեք, թե ինչպիսի՞ ցուցանիշներով ամփոփեց նախորդ տարին Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժանումը:

-Սկզբում ներկայացնեմ մի փոքր թվային ցուցանիշներ՝ 2021թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 19.165 քրեական գործ, իսկ 2020 թվականին՝ 15.258 քրեական գործ, այսինքն՝ 2021թ. ընթացքում վարույթը աճել է 3907 քրեական գործով կամ 25.6%-ով, աննախադեպ այս աճի պայմաններում 2021թ. քննված 19.165 քրեական գործերից 2022թ. փոխանցվել է միայն 1817 քրեական գործ կամ ընդհանուր վարույթի 9.5%՝ նախորդ տարվա 16.6%-ի դիմաց: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2021թ. քննիչների կողմից կատարված աշխատանքների արտադրողականությունը կազմել է 90.3%: Կարծում եմ՝ այս ցուցանիշներն արդեն իսկ խոսում են համախմբված և արդյունավետ աշխատանքի մասին: Ավելացնեմ նաև, որ ես, ինչպես նաև Երևան քաղաքի քննչական վարչության ամբողջ անձնակազմը, կանգ չենք առնելու գրանցված հաջողությունների վրա, այլ այս տարի նույնպես փորձելու ենք էլ ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը: 

-Ամփոփված վիճակագրական նյութերի համաձայն ո՞ր հանցատեսակներն են ցուցաբերում առավել զարգացման միտումներ:

-Կարող եմ վստահաբար պնդել, որ առավել զարգացման միտում ունեն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հանցագործությունները: Ավելացնեմ նաև, որ այդ հանցատեսակների դեմ պայքարում ինչպես Երևան քաղաքի քննչական վարչությունն, այնպես էլ ամբողջ Քննչական կոմիտեն իրականացնում են կանխարգելիչ, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերի և կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով քաղաքացիների իրազեկման բարձրացմանը միտված տարբեր միջոցառումներ: Մասնագիտական վարչության կողմից պատրաստվում են տվյալ հանցատեսակների քննության մեթոդիկա, ինչպես նաև ստորաբաժանումների քննիչների վերապատրաստման դասընթացներ:

-Որո՞նք են առաջիկայի այն ծրագրերը, որոնք համարում եք ընթացիկ տարվա Ձեր գործունեության առաջնահերթությունները:

-Ինչպես հայտնի է այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական նոր օրենսգրքերը, որոնցով պայմանավորված՝ մինչդատական վարույթն իրականացվելու է նոր տրամաբանությամբ, ուստի և Քննչական կոմիտեի առաջնահերթությունն է անձնակազմին նոր օրենսդրության պահանջներին համահունչ հնարավորինս արագ և որակյալ վերապատրաստելը, նրանց մրցունակ դարձնելը: Այդ նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում եմ նաև ես: Հանձնաժողովի խնդիրն է կոմիտեի աշխատանքները կազմակերպել այնպես, որ օրենսդրության փոփոխությունները կիրարկվեն արդյունավետորեն, առաջ եկող բոլոր հարցերը ստանան պատշաճ և օպերատիվ արձագանք: Այս տարվա առաջնահերթություններից է նաև Քննչական կոմիտեի անձնակազմը պրոֆեսիոնալ և բանիմաց քննիչներով համալրելը, որի արդյունքում կնվազի մյուս քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին էլ ավելի կբարձրացնի մինչդատական վարույթի արդյունավետությունը:

-Պարոն Վարդանյան, դատելով նախորդ հարցերին տրված պատասխաններից՝ հասկացվում է, որ քննիչներն աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով. ինչպե՞ս եք կարողանում ապահովել մինչդատական վարույթի արդյունավետությունը նման ծավալների պարագայում:

-Իրավամբ, քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, սակայն նշեմ, որ մեր քննիչներն իրենց մասնագիտության նվիրյալներն են և դա է նպաստում նման գերծանրաբեռնվածության պարագայում արդյունավետ աշխատելուն. ինչպես մենք սովորաբար կատակում ենք՝ քննիչի աշխատանքը սկսվում է ժամը 09:00-ին, բայց չի ավարտվում: Ավելացնեմ նաև, որ 2021 թվականից  Քննչական կոմիտեի նախագահ պարոն Քյարամյանի գլխավորությամբ մենք որդեգրել ենք ավելի ճկուն աշխատելաոճ, այսինքն մեր կողմից ամեն ամիս իրականացվում է մշտադիտարկում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներ են գործուղվում քննիչներ, ըստ անհրաժեշտության կատարվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են քննիչների ծանրաբեռնվածությունը թոթափելուն և առաջացած կազմակերպչական խնդիրներն օպերատիվ լուծելուն:

-Եթե կարելի է՝ փոքր-ինչ շեղվենք պաշտոնական հարցադրումներից. ազատ ժամանակ ինչո՞վ է նախընտրում զբաղվել քաղաքացի Մհեր Վարդանյանը:

-Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը շատ մեծ պատասխանատվություն է, ուստի ես նույնպես աշխատում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով: Ասեմ ավելին, շատ անգամներ, օրվա ցանկացած ժամի, հնչեղություն ունեցող կամ առանձնապես ծանր դեպքերի պարագայում ես ևս մեկնում եմ դեպքի վայր՝ տեղում կազմակերպելով քննչական աշխատանքը և համագործակցությունը մյուս ուժային կառույցների հետ, իսկ հազվադեպ ազատ ժամանակ ունենալուց՝ այն անցկացնում եմ ընտանիքիս հետ:

-Գաղտնիք չէ, որ իրավապահ կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար երկար ժամանակ ու ջանք է պահանջվում Դուք այս համակարգում աշխատում եք 2003 թվականից։ Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:

-Ես իմ ճանապարհը սկսել եմ քննիչի պատասխանատու պաշտոնից և ուժ ու եռանդ չեմ խնայել իմ աշխատանքը հավուր պատշաճի կատարելու համար. ինչպես բազմաթիվ քննիչներ, այնպես էլ ես ճանապարհին ունեցել եմ անքուն գիշերներ և հանդիպել եմ տարբեր դժվարությունների, որոնք կարողացել եմ հաղթահարել աշխատասիրության և անընդհատ ինքնակրթման ու գիտելիքներս խորացնելու շնորհիվ: 19 տարիների ընթացքում զբաղեցրել եմ տարբեր պատասխանատու պաշտոններ և միշտ ձգտել եմ գործառույթներիս շրջանակում առավելագույնն անել, թե՛ ինձ վստահված առաքելությունը պատշաճ իրականացնելու և թե՛ մեր պետության համար:

-Ըստ Ձեզ՝ քննիչի մասնագիտությունն այժմ գրավի՞չ է երիտասարդ իրավաբանների համար։

-Կարծում եմ՝ այո, սակայն մի հավելումով՝  քննիչի մասնագիտությունը միայն զուտ մասնագիտություն չէ, այլ ավելի շուտ՝ ապրելակերպ: Ավելացնեմ նաև, որ երիտասարդ իրավաբանների համար մեր մասնագիտությունն էլ ավելի գրավիչ դարձնելու նպատակով մեր պետությունը նկատելի ջանքեր է գործադրում՝ քննիչների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:

-Ո՞րն եք համարում Ձեր հիմնական սկզբունքը կյանքում և աշխատանքում:

-Արդարամտությունը և ազնվությունը:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

 

Իրավաբան.net