Կարգը

  • Քաղաքացիների ընդունելության կարգը
  • Դիմումների ընդունման և քննարկման կարգը


ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների ընդունման, քննարկման կառուցակարգերը սահմանված  են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ «ՀՀ քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 40 Լ հրամանով:


Քաղաքացիների ընդունելության կարգը

ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում Քաղաքացիների ընդունելության կազմակերպումն իրականացվում է կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի, իսկ կոմիտեի այլ մարմիններում կամ ստորաբաժանումներում՝ դրա համար պատասխանատու անձի կողմից:

Ընդունելության  համար քաղաքացիները կարող են հերթագրվել ինչպես գրավոր էլեկտրոնային պաշտոնական փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, այնպես էլ բանավոր, այդ թվում նաև՝ հեռախոսակապով։ Քաղաքացուն հերթագրելու հետ միաժամանակ նրան հայտնվում է ընդունելության օրը, ժամը, իսկ անհրաժեշտության դեպքում` այն պաշտոնատար անձի պաշտոնը, կոչումը, անունը և ազգանունը, ում մոտ քաղաքացին հերթագրված է ընդունելության:

Կախված հարցի լուծման հրատապությունից ՝ անձի ընդունելությունը կարող է կազմակերպվել առանց հերթագրման, անհապաղ՝ ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի համաձայնությամբ:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև անչափահասների և հղի կանանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելությունը կազմակերպվում է արտահերթ:

Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

Քաղաքացիների ընդունելությունը կարող է մերժվել, եթե ներկայացվող հարցը կամ պահանջը ակնհայտորեն դուրս է կոմիտեի իրավասության շրջանակներից: Նման դեպքերում քաղաքացուն գրավոր կամ բանավոր պարզաբանվում է առաջադրված հարցի լուծման համար իրավասու այլ մարմիններին դիմելու հնարավորության մասին:

Իրավասու պաշտոնատար անձը քաղաքացու ընդունելության վերաբերյալ քաղաքացիների ընդունելության գրանցամատյանում կատարում է հաշվառում:

Դիմումների ընդունումը և քննարկումը

ՀՀ քննչական կոմիտեում դիմումներն ընդունվում են առձեռն, փոստով, նամակների արկղով, էլեկտրոնային (պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքով) կամ ֆաքսիմիլային եղանակներով:

Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

• դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,
• դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
• մարմնի, ստորաբաժանման անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
• դիմումով ներկայացվող պահանջը և/կամ դիմումի առարկան,
• դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
• դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,
• դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

ՀՀ քննչական  կոմիտե ներկայացվել է կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս հարց, ապա այն եռօրյա ժամկետում վերահասցեագրվում է իրավասու մարմին՝ ծանուցելով դիմողին:

Եթե դիմումով արծարծված հարցը չի մտնում ինչպես կոմիտեի, այնպես էլ որևէ այլ պետական մարմնի իրավասության մեջ, ապա դիմումը, իսկ առկայության դեպքում՝ դրան կից փաստաթղթերն, ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերադարձվում են դիմողին՝ պատասխան գրության մեջ նշելով պատճառների մասին:

Դիմումը քննարկման ենթակա չէ, եթե այն ներկայացվել է առանց ստորագրության և որի կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել դիմողին բացահայտելու ուղղությամբ, սակայն նրա ինքնությունը չի պարզվել, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից, եթե դրանում շոշափված հարցերի կապակցությամբ նախկինում նույնաբովանդակ դիմումի քննարկման արդյունքում տրվել է գրավոր պատասխան՝ բացառությամբ երբ նույն հարցի վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացվում է կոմիտեի վերադաս մարմին:

Այն դիմումները, որոնց տեքստն անընթեռնելի է կամ անհասկանալի, մուտքագրվում են սույն կարգով սահմանված կարգով և եռօրյա ժամկետում դիմողին պատասխան գրությամբ տեղեկացվում է դիմումի տեքստի հստակեցման անհրաժեշտության մասին:

Դիմողի հստակեցված դիմումի ներկայացման դեպքում այն քննարկվում է որպես նոր դիմում:

Նախապատրաստվող կամ կատարված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող՝ առանց ստորագրության դիմումները, եթե դիմումատուի նույնականացումը հնարավոր չէ, ուղարկվում են իրավասու մարմին՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու համար:

Դիմումների քննարկումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ չսպասելով սույն կարգով նախատեսված ժամկետների լրանալուն, եթե դիմումում շոշափված բարձրացված հարցի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների պարզաբանման համար առկա են անհրաժեշտ նյութեր, բավարար չափով  ճշգրտված են գործի հանգամանքները և անհրաժեշտություն չկա կատարել լրացուցիչ գործողություններ:

Ներկայացված դիմումի քննարկման արդյունքում դիմողին ուղարկվում է սպառիչ պատճառաբանված պատասխան: Անհրաժեշտության դեպքում պատասխանում կարող են մեկնաբանվել դիմումում շոշափված հարցերի վերաբերյալ իրավական ակտերի դրույթները:

Դիմումի ուսումնասիրությունը և դրանում արծարծված հարցի լուծումն ավարտված է համարվում դիմողին պատասխան գրություն ուղարկելու օրը: