Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փոխհարաբերություններն այլ պետությունների իրավասու մարմինների հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի առաջնահերթություններից է միջազգային իրավական կապերի, իրավապահ գործունեությանը աջակցող միջազգային կառույցների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հաստատված հարաբերությունների, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում այլ պետությունների իրավասու մարմինների հետ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչներն իրենց վարույթում քննվող քրեական գործերով լիազորված են՝

-  օտարերկրյա պետության տարածքում դատավարական գործողություններ կատարելու համար իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներ հասցեագրել օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին,
-  օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումներով դատավարական գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54.1-րդ (Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում) գլխով սահմանված կարգով:

Միջազգային իրավական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները (ծառայողները, ինքնավար պաշտոն զբաղեցնող աշխատակիցները) ակտիվորեն մասնակցում են համապատասխան միջազգային խորհրդաժողովներին, վերապատրաստման և փորձի փոխանակման դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին: