Ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությանը վերաբերող տեղեկություններ տրամադրելու կարգը
 

1. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործունեությանը վերաբերող տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություն) ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ անձ) տրամադրելու կարգը:

2. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ և այլ վերաբերելի իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Յուրաքանչյուր ոք ունի Կոմիտեի և Կոմիտեի պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք:

4. Կոմիտեն տնօրինում է.
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը,
2) Կոմիտեի գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալները,
2) Կոմիտեի անձնակազմի վերաբերյալ տեղեկությունները,
3) Կոմիտեի ֆինանսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները,
4) Կոմիտեի գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ:

5. Կոմիտեն տրամադրում է միայն Կոմիտեի կողմից մշակված՝ սահմանված կարգով ստացված և ձևավորված (հավաքագրված, համակարգված, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնց վերաբերյալ վարվում է վիճակագրություն) տեղեկությունները:

 

2. Հարցում  ներկայացնելու կարգը

6. Տեղեկությունը տրամադրվում է Կոմիտեին ուղղված գրավոր կամ բանավոր հարցման հիման վրա:
7. Տեղեկություն ստանալու հարցում կարող են ուղարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
8. Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը), որը պետք է լինի ստորագրված։
9. Գրավոր հարցումը կարող է ներկայացվել առցանց, այդ թվում՝ նաև Կոմիտեի պաշտոնական էջում տեղեկություն ստանալու գրավոր հարցման օրինակելի ձևից օգտվելու միջոցով:
10. Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը: Բանավոր հարցում կարող է ներկայացվել և դրան պատասխան տրվել, եթե.
1) պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը,
2) անհրաժեշտ է ճշտել Կոմիտեի տրամադրության տակ համապատասխան տեղեկության առկայության փաստը,
3) անհրաժեշտ է պարզաբանել Կոմիտեի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։

 

3. Տեղեկություն տրամադրելու կարգը

11. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա այն դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում,
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա հարցումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում դիմողին տրվում է տվյալ հրապարակման միջոցի և ժամկետի մասին տեղեկությունը, իսկ ինտերնետային կայքում հրապարակված լինելու դեպքում՝ կայքի հղումը,
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

12. Գրավոր հարցմանը պատասխան տրվում է հարցման մեջ նշված նյութական կրիչով, ընդ որում, դիմողը կարող է կցել այն նյութական կրիչը, որով ցանկանում է ստանալ տեղեկությունը: Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը` «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետներում պատասխանելու համար, ապա հարցման պատասխանը տրվում է Կոմիտեի համար առավել ընդունելի նյութական կրիչով:

13. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հարցման պատասխան-գրությունը համաձայնեցվում է Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի հետ:

14. Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

15. Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը կամ  բանավոր հարցումը չի համապատասխանում սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին, ապա Կոմիտեն կարող է չպատասխանել բանավոր հարցմանը։

16. Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե.
1) դիմումը չի պարունակում սույն կարգի 8-րդ կետով նախատեսված բոլոր տվյալները,
2) պարզվում է, որ հարցում ներկայացնողի անձնական տվյալները կեղծ են,
3) վերջին 6 ամսվա ընթացքում դիմումը ներկայացվել է երկրորդ անգամ նույն անձի կողմից  և նույն տեղեկությունն ստանալու պահանջով, բացառությամբ նախկինում ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած լինելու դեպքերի: 

17. Տեղեկության տրամադրումը, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի, մերժվում է, եթե այն.
1) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները,
2) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային,  գաղտնիք,
3) պարունակում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` օրենքով պահպանվող` գաղտնի տեղեկություններ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), ինչպես նաև սույն կետի 1-3-րդ ենթակետով չնախատեսված օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ,
4) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
5)  տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում։

18. Բանավոր հարցմանը կարող է պատասխան չտրվել, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է Կոմիտեի իրավասու ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի հիմնական պարտականությունների կատարմանը, բացառությամբ այն տեղեկության, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը։ Սույն կետում նախատեսված դեպքերում առաջարկվում է հարցումը ներկայացնել գրավոր:

19. Տեղեկության տրամադրումը (գրավոր և բանավոր հարցման դեպքում) չի կարող մերժվել, եթե այն վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին:

20. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում Կոմիտեի իրավասու ստորաբաժանումն այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման իրավական հիմքը (օրենքի կամ այլ իրավական ակտի համապատասխան հոդվածը, մասը, կետը, ենթակետը, պարբերությունը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը։

21. Եթե Կոմիտեն չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա տվյալ հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում են դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրում նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի  գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:

22. Եթե Կոմիտեն չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա դիմողին տրվում է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությանը վերաբերող մյուս տվյալները:

23. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ` նշելով չտրամադրման իրավական հիմքերը (օրենքի կամ այլ իրավական ակտի համապատասխան հոդվածը, մասը, կետը, ենթակետը, պարբերությունը):

24. Հարցման պատասխանը պետք է լինի հավաստի, ամբողջական և պարունակի հիմնավոր պատասխաններ բոլոր առաջադրված հարցերի վերաբերյալ:

25. Տասը տպագրված կամ պատճենահանված էջը գերազանցող ծավալով կամ նյութական կրիչով տեղեկության տրամադրման համար վճարման դեպքերը, չափը և կարգը սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի  15-ի թիվ 1204-Ն որոշմամբ:

 -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը

Դիմողի անուն, ազգանուն, հայրանունը
/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն/

 

Տեղեկություն ստանալու հարցում
 

Հարգելի՛ պրն/տկն…………,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձեւակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):

Կանխավ շնորհակալ եմ`

անուն, ազգանուն, ստորագրություն
ամսաթիվ