Եղիր տեղեկացված

 

  • Ձերբակալվածի  իրավունքները և պարտականությունները
  • Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները
  • Տուժողի իրավունքները եւ պարտականությունները
  • Վկայի իրավունքները և պարտականությունները
  • Անչափահասի իրավունքներն ու պարտականությունները


ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները  կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման,  երկրի տնտեսական բարեկեցության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության միջոցով սահմանափակելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց և քրեական դատավարության այլ մասնակիցների իրավունքներն, այդուհանդերձ,  ընձեռում է նրանց  մի շարք իրավունքներ ու պարտականություններ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է իրավաբանական օգնության ապահովման սկզբունքը, որի համաձայն ձերբակալված անձը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը, գույքային պատասխանողը, նրա օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև վկան վարույթի ընթացքում իրավունք ունեն ստանալու իրենց հրավիրած, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնությունը: Վարույթն իրականացնող մարմինն իրավասու չէ արգելելու փաստաբանի ներկայությունն իր վստահորդի մասնակցությամբ կատարվող վարութային գործողությանը:

Ձերբակալվածի իրավունքներն ու պարտականությունները

Ձերբակալումը անձնական ազատության իրավունքի սահմանափակումն է առանց դատարանի որոշման, որը կարող է կիրառվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով կամ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով: Անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալված անձը (ձերբակալված), մինչև մեղադրյալի վերաբերելի իրավունքները ձեռք բերելն, ունի հետևյալ իրավունքները՝

1) իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը,
2) պահպանելու լռություն,
3) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին,
4) հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ,
5) իր պահանջով ենթարկվելու բժշկական զննման:

Իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու, փաստաբանի հետ հաղորդակցվելու և տեսակցելու, իր պահանջով բժշկական զննման ենթարկվելու իրավունքները ծագում են հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 3 ժամը լրանալու պահից:
Իր գտնվելու վայրի մասին իր ընտրած անձին տեղեկացնելու ձերբակալվածի իրավունքի իրականացումը վարույթն իրականացնող մարմնի վերադասի համաձայնությամբ կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ գրավոր հայտնվում է ձերբակալվածին, ինչպես նաև կազմվում է առանձին որոշում` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները:

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի, ապա նրա մշտական բնակության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական: Այդ մասին սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է ձերբակալվածը: Եթե ձերբակալված անձի քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցիչը ցանկություն է հայտնել հաղորդակցվել կամ տեսակցել ձերբակալվածին, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել դրա իրականացումը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի: Ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի, և նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Ձերբակալված անձը պարտավոր է.

1) ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի և վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին.
2) ենթարկվել անձնական խուզարկության.
3) ենթարկվել բժշկական զննման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:

Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ
խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված դեպքերում ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

Մեղադրյալի իրավունքները եւ պարտականությունները

Մեղադրյալն այն անձն է, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և ում նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ:
Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեղադրյալի  պաշտպանության ապահովումը սահմանված է որպես քրեական վարույթի սկզբունք: Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Մեղադրյալի պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին չի սահմանափակում մեղադրյալի իրավունքները: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը, ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում վարույթին մասնակից դարձնել մեղադրյալի օրինական ներկայացուցչին:

Մեղադրյալն իրավունք ունի`

1) իրեն ձերբակալելուց կամ մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
2) իր համար հասկանալի լեզվով, անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացվող մեղադրանքի փաստական հանգամանքների և իրավական գնահատականի մասին, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` նաև իրեն ազատությունից զրկելու հիմքերի և պատճառների մասին.
3) մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` ձերբակալման կամ կալանավորման որոշումների պատճենները, ինչպես նաև այն դատավարական ակտերի պատճենները, որոնք նա սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունք ունի.
4) ձերբակալումից կամ կալանավորումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում իր կողմից ընտրված անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում նաև հրամանատարը տեղեկացվի իր գտնվելու վայրի մասին.
5) ձերբակալման կամ կալանավորման դեպքում պահանջելու անվճար բժշկական զննում և ստանալու անվճար եզրակացություն, ինչպես նաև իր ընտրությամբ հրավիրելու բժիշկ և անարգել հաղորդակցվելու նրա հետ` առանց տեսողական կամ լսողական վերահսկման.
6) պահպանելու լռություն կամ տալ ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբ.
7) ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահից իր ընտրությամբ ունենալու պաշտպան կամ պաշտպանվելու ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` ունենալու պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան.
8) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի.
9) մինչև ցուցմունք տալը գրավոր տեղեկացվելու իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, ինչպես նաև այն մասին, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց.
10) հակընդդեմ հարցման ենթարկելու իր դեմ վկայած անձանց, կամ որ այդ անձինք ենթարկվեն հակընդդեմ հարցման, ինչպես նաև, որ իր օգտին վկայող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ վկայած անձինք.
11) մասնակցելու իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական և վարութային այլ գործողություններին, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին.
12) ստանալու վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական գործողությանն իր մասնակցությունը չթույլատրելու մասին.
13) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.
14) հայտարարելու իր մեղավորության կամ անմեղության մասին.
15) հարուցելու միջնորդություններ.
16) հայտնելու բացարկներ.
17) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.
18) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.
19) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի պատճենը.
20) ծանոթանալու իր նկատմամբ խափանման միջոց կամ հարկադրանքի այլ միջոց կիրառելու, փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին, իսկ իր խնդրանքով՝ նաև անվճար ստանալու այդ որոշումների, ինչպես նաև փորձագետի եզրակացության պատճենը.
21) անվճար ստանալու մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի, քրեական հայցի, գույքային հայցի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի պատճենը.
22) նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ ստանալու կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն.
23) դատարանին միջնորդելու՝ կիրառելու համաձայնեցման վարույթ.
24) հսկող դատախազին միջնորդելու՝ կիրառելու համագործակցության վարույթ.
25) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.
26) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու բացման խոսքով, եզրափակիչ ելույթով և եզրափակիչ հայտարարությամբ.
27) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը.
28) հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը.
29) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան.
30) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.
31) առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.
32) ստանալու վարույթի հանրային մասնակիցների կամ դատարանի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
33) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.
34) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

Մեղադրյալը պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.
2) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման և փորձաքննության, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ.
3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին.
4) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.
5) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի իրավաչափ շահերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող է իրականացնել նրա օրինական ներկայացուցիչը: Օրինական ներկայացուցիչն ունի մեղադրյալի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների: Նա իրավունք չունի կատարելու մեղադրյալի շահերին վնասող որևէ գործողություն:

Տուժողի իրավունքները և պարտականությունները

Տուժողը ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, պետությունը, համայնքը կամ միջազգային կազմակերպությունը, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով նրան պատճառվել է վնաս կամ կարող էր պատճառվել` ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելու դեպքում:

Տուժողը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) ծանոթանալու մեղադրյալին ներկայացված մեղադրանքին.
2) տալու ցուցմունք.
3) հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ.
4) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.
5) հարուցելու միջնորդություններ.
6) հայտնելու բացարկներ.
7) ունենալու լիազոր ներկայացուցիչ և դադարեցնելու նրա լիազորությունները.
8) անվճար ստանալու իր կարգավիճակին վերաբերող դատավարական ակտերի պատճենները.
9) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.
10) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.
11) անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, այն դադարեցնելու կամ կասեցնելու, ինչպես նաև քրեական վարույթը կարճելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության, եզրափակիչ ակտի կամ եզրափակիչ դատական ակտի պատճենը.
12) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշման և փորձագետի եզրակացության պատճենները.
13) նախաքննության ավարտման մասին ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, իր խնդրանքով դրանցից անվճար ստանալու պատճեններ կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն.
14) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.
15) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու եզրափակիչ ելույթով.
16) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը.
17) հետ վերցնելու իր կամ իր լիազոր ներկայացուցչի ներկայացրած բողոքը.
18) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան.
19) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ.
20) առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.
21) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվելու մեղադրյալի հետ.
22) իրեն ենթադրաբար պատճառված վնասը հատուցելու նպատակով գույքային հայց ներկայացնելու դատարան, մինչև ապացույցների հետազոտման ավարտը փոփոխելու գույքային հայցը, ինչպես նաև մինչև դատարանի առանձին սենյակ հեռանալը հրաժարվելու գույքային հայցից.
23) ստանալու հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում.
24) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.
25) հետ ստանալու վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցված և իրեն պատկանող գույքը և փաստաթղթերի բնօրինակները.
26) օրենքով նախատեսված դեպքերում ազատվելու իր ներկայացուցչի ծառայությունների դիմաց վճարելու պարտականությունից.
27) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.
28) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

Տուժողը պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.
2) տալ ցուցմունք.
3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ, ենթարկվել քննման և փորձաքննության.
4) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար վարույթի ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե այն կասկածի տակ դնելու բավարար հիմքեր կան.
5) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.
6) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

Տուժողն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է այդ իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
Տուժող ճանաչված իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
Վարույթի ընթացքում ի հայտ եկած բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կամ դատարանը որոշմամբ դադարեցնում է տուժողի կարգավիճակը:
Տուժող ճանաչելու մասին որոշումը կայացնում է քննիչը կամ դատարանը:

Վկայի իրավունքները և պարտականությունները

Վկան ցուցմունք տալու նպատակով կողմի կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել վարույթով պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:
Անձը որպես վկա կարող է հարցաքննվել իր իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին գրավոր տեղեկացվելուց հետո:

Վկան իրավունք ունի՝

1) իմանալու, թե որ վարույթով է հրավիրվում.
2) վարույթն իրականացնող մարմին ներկայանալու փաստաբանի հետ.
3) հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ.
4) ցուցմունքներ տալիս վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվելու փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.
5) ցուցմունքներ տալիս կազմելու պլաններ, սխեմաներ և գծանկարներ.
6) մինչդատական վարույթի ընթացքում անձամբ գրավոր շարադրելու իր ցուցմունքները.
7) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.
8) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված ներկայացնելու դիտողություններ, պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ.
9) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.
10) հետ ստանալու վարույթն իրականացնող մարմնի կողմից իրենից վերցված առարկաները, փաստաթղթերը և այլ նյութերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.
11) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն.
12) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:

Վկան պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով` ծանուցագրում նշված օրը և ժամին.
2) տալ ցուցմունք.
3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ, ենթարկվել քննման և փորձաքննության, եթե դա անհրաժեշտ է իր տված ցուցմունքը ստուգելու համար.
4) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե այն կասկածի տակ դնելու բավարար հիմքեր կան.
5) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.
6) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստի դահլիճը կամ դատարանի շենքը.
7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին:

Անչափահասի մասնակցությամբ վարույթի առանձնահատկությունները

Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ ցանկացած վարույթ պետք է ի սկզբանե իրականացվի արագ և առանց անհարկի ձգձգումների:
Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով օրինական ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է:
Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է այդ անձի ձերբակալման կամ նրան մեղադրանք ներկայացնելու պահից:
Անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է որակավորված հոգեբան և իրավունք ունի մասնակցելու նրա օրինական ներկայացուցիչը:
Հոգեբանի առաջարկությամբ և անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով քննչական գործողությունը կատարվում է այնպիսի պայմաններում (վայրը, տևողությունը, մասնակիցների շրջանակը և այլն), որոնք թույլ կտան առավելագույնս երաշխավորել նրա լավագույն շահերը։
Անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է պաշտպանի և հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս մեղադրյալի հարցաքննությանը մասնակցելու իրավունք ունի նաև նրա օրինական ներկայացուցիչը:

Հոգեբանի առաջարկությամբ և անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով ցուցմունք տալու հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ քննիչն անչափահասին տրվելիք հարցերը ձևակերպում և համաձայնեցնում է հոգեբանի հետ, իսկ ձերբակալվածի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի հարցերն անչափահասին՝ հոգեբանի հետ համաձայնեցնելուց հետո, տրվում են առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության։
Անչափահասի հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ 2 ժամից ավելի, իսկ օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 6 ժամը:
Անչափահաս տուժողի կամ վկայի նկատմամբ փորձաքննություն կատարվում է միայն նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցը լուծելիս յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկվի նրան դաստիարակչական հսկողության հանձնելու հնարավորությունը:

Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահաuի նկատմամբ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նա խախտել է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները: Ամեն դեպքում, անչափահաu մեղադրյալի նկատմամբ կալանքը որպեu խափանման միջոց կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակահատվածի համար:
Անչափահասի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին անհապաղ տեղեկացվում է նրա օրինական ներկայացուցիչը: