ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
17.12.14, 13:37

Հրաման՝ նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին:
 
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
 1. Հաստատել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
 
2. Հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի վրա:
 
 Ա. Գ. Հովսեփյան
 
Հավելված՝
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
«17» նոյեմբերի 2014թ. թիվ 11 հրամանի


 
 
ՈՒՂԵՑՈՒՅՑ՝
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ
ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
1. Սույն ուղեցույցով սահմանվում են նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնական չափանիշներ:
 
2. Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:  (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 197 հոդվածի 5-րդ և 6-րդ կետեր):
 
3. Սույն ուղեցույցում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`  վարույթի մասնավոր մասնակիցներ՝ կասկածյալ, մեղադրյալ, պաշտպան, տուժող, քաղաքացիական հայցվոր և պատասխանող, ներկայացուցիչներ, իրավահաջորդներ, փաստաբան. նախաքննության  ընթացքն ավարտող  դատավարական ակտ՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն, անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով եզրափակիչ որոշում:
 
4. Քննչական բաժնի պետը, նախաքննության ժամկետը լրանալուց առնվազն 7օր առաջ, քննիչի հետ քննարկում է նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու կամ նախաքննության ընթացքն ավարտող, կամ  վարույթը կասեցնող դատավարական ակտ կայացնելու հարցը:  Քննչական բաժնի պետը հետևում է քննիչի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը ժամանակին կայացնելու և այն նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին ներկայացնելու նկատմամբ:
 
5. Քննիչը նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշման մեջ նկարագրում է նախաքննության ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստական հիմքերը:
 
6. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելիս, քննիչը հաշվի է առնում գործի հանգամանքների բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագծի ազդեցությունը վարույթի ընթացքի վրա:
 
Գործի հանգամանքների բարդությունը որոշելիս քննիչը գնահատում է ապացույցների զանգվածը, անձին մեղսագրվող առերևույթ հանցագործությունների բնույթը, գործով առկա մեղադրյալների, տուժողների և վկաների քանակը, կատարման ենթակա քննչական և այլ դատավարական գործողությունների ծավալը, դրանց առանձնահատկությունները, փորձագետների ներգրավվածությունը և այլն:
 
Վարույթի ընթացքի վրա դատավարության մասնակիցների վարքագծի ազդեցությունը գնահատելիս քննիչը հաշվի է առնում վարույթի մասնավոր մասնակիցների և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց կողմից դատավարական գործողություններին մասնակցելու պարտականության պատշաճ և ժամանակին կատարելը, վարույթի մասնավոր մասնակիցների կողմից նախաքննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացնելը և նախաքննության ընթացքը ձգձգելուն ուղղված հնարավոր այլ գործողությունները: 
 
7. Քննչական բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորություններն իրականացնելիս, ապահովում է անչափահաս և կալանքի տակ գտնվող մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերով քննչական և այլ դատավարական գործողությունները հնարավորինս առաջնահերթ և արագ կատարելը (ՄԱԿ-ի 29.11.1985թ.-ի «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոնների» (Պեկինյան կանոններ) 20.1-րդ կետ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 27.06.1980թ.-ի R (80) 11 հանձնարարականի  16-րդ կետ):
 
8. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը ներկայացվում է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին քննչական բաժնի պետի ուղեկցական գրությամբ՝ քննության ժամկետը լրանալու օրվանից 5 օր առաջ:
 
Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետում համարվում է դատախազին ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համապատասխան բաժնից տվյալ որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաքելու օրը:
 
Եթե նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու քննիչի որոշումը դատախազին ներկայացնելու` սույն ուղեցույցով սահմանված հնգօրյա ժամկետի լրանալը (ժամկետի վերջին օրը) համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մաս, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդված):
 
Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ ներկայացնելու անհնարինության դեպքում, որոշումը ներկայացվում է առձեռն:
 
Առձեռն հանձնմամբ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա է  նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշման պատճենը, որի առաջին էջը պարունակում է փաթեթն ընդունող անձի անունը, ազգանունը, փաթեթի ստացման ամսաթվի, օրվա, ժամվա մասին նշում և ընդունողի ստորագրությունը:
 
9. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու քննիչի որոշումը դատախազին ներկայացնելու` օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը բաց թողնելու դեպքում քննչական բաժնի պետն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝ ներկայացնելով ժամկետը բաց թողնելու պատճառները և այն կանխելու ուղղությամբ իր կողմից ձեռնարկված միջոցառումները, իսկ նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու քննիչի որոշումը՝ ուղարկում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը դատախազին ներկայացնելու՝ օրենքով սահմանված եռօրյա ժամկետը բացթողնելու դեպքում քննիչն իրավասու չէ կատարել դատավարական գործողություններ, քանի դեռ դատախազը որոշում չի կայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
 
10. Դատախազի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու դեպքում քննիչը, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական ռեժիմ, ինչպես նաև՝ այդ իրավիճակում քրեական գործի հետագա ընթացքը լուծելու ընթացակարգ, քրեական գործը ներկայացնում է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
11. Դատախազի կողմից նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու դեպքում քննիչը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով կասեցնում է քրեական գործի վարույթը: