Արդիական է մնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը․ Կամո Շառոյան
Կիբեռհանցագործությունների, ինչպես նաև համացանցային հարթակների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի շոշափելի աճ է նկատվում: Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Շառոյանը։
-Պարոն Շառոյան, ի՞նչ կառուցվածք ունի Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, ի՞նչ նպատակով և սկզբունքով են ստեղծվել գլխավոր վարչությունում ընդգրկված վարչությունները:
-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ստորաբաժանումները ստեղծվել են՝ հաշվի առնելով հանցատեսակները և դրանց առանձնահատկությունները: Ըստ այդմ, ունենք մասնագիտացված 6 վարչություն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության, ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության, կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության, ինչպես նաև խոշտանգումների, պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություններ:
-Վիճակագրական տվյալների և վերլուծությունների համաձայն Գլխավոր վարչության գործառույթների շրջանակներում ո՞ր հանցատեսակներն են առավել նկատելի դառնում ու առավել տարածված լինելու միտումներ ցուցաբերում:
-Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների կատարելագործմանը զուգահեռ աճել են նաև տվյալ ոլորտում կամ համացանցային տիրույթում կատարվող հանցագործությունները: Մասնավորապես, կիբեռհանցագործությունների, ինչպես նաև համացանցային հարթակների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի շոշափելի աճ է նկատվում: Բացի այդ, զգալի է նաև մարդու դեմ ուղղված, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների աճը: Այս ամենով հանդերձ, հարկ եմ համարում նաև նշել, որ Գլխավոր վարչության կազմում գործող մասնագիտացված վարչությունների արհեստավարժ քննիչների աշխատանքի շնորհիվ հանցագործությունների աճին զուգահեռ զգալիորեն աճել են նաև դրանց բացահայտման ցուցանիշները:
– Իսկ ո՞ր հանցատեսակներն են ցուցաբերում առավել զարգացման միտումներ և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դրանց դեմ պայքարելու կամ դրանք կանխելու համար:
-Ինչպես նշեցի, առավել նկատելի են համացանցի հասանելիությամբ պայմանավորված թմրաշրջանառության, կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունները, որոնք, կախված քննության առանձնահատկություններից, որոշակի բարդություններ ստեղծելով քննիչների համար՝ պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում և, ինչու չէ, նաև գիտելիքներ՝ ինչպես, օրինակ՝ ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետում: Նկատի ունենալով, որ այս տեսակի հանցագործությունները կատարվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս՝ անհրաժեշտություն է առաջանում իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումներ կատարել այլ երկրների իրավասու մարմիններին՝ հանցագործության վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ ստանալու նպատակով:
Հավելեմ, որ ըստ անհրաժեշտության Գլխավոր վարչությունն իրականացնում է Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստումները՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալների ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:
-Պարոն Շառոյան, մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը, Դուք զբաղեցնում էիք Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնը: Ինչո՞վ է առանձնանում հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչության գործունեությունը Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների գործունեությունից:
– Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում նախաքննության կազմակերպման ոլորտում համակարգում, վերահսկում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների գործունեությունը, իրականացնում է միասնական վերահսկողություն:
Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում և կազմակերպում է հատկապես կարևորություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող, բազմադրվագ, ինչպես նաև քննության առանձնահատկություններ ունեցող հանցագործությունների դեպքերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները: Եվ պետք է հաստատապես նշեմ, որ նշված երկու ստորաբաժանումներն էլ ունեն իրենց ընդգծված կարևորությունը Քննչական կոմիտեի գործունեության տիրույթում և ունեն իրենց յուրահատուկ առանձնահատկությունները և մասնագիտական ուղղվածությունները:
-Ակնհայտ է, որ քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով. ինչպե՞ս եք կարողանում ապահովել մինչդատական վարույթի արդյունավետությունը նման ծավալների պարագայում:
-Քննիչներն իսկապես աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, սակայն պետք է նշեմ, որ նման պայմաններում էլ՝ լինելով մասնագիտության նվիրյալները, քննիչներն անում են հնարավորն ու անհնարինը՝ նախաքննության որակն ու արդյունավետությունն ապահովելու, իրենց առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ աշխատանքներ պետք է իրականացվեն քննիչի աշխատանքը, վարչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
-Ինչպես մինչ օրս տարվել են, տարվում են, այնպես էլ առաջիկայում տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ քննիչների մասնագիտական գիտելիքների հարստացման, արտասահմանյան երկրների իրավապահ մարմինների, ինչպես նաև միջազգային կառույցների մեր գործընկերների հետ փորձի փոխանակման և վերապատրաստման, նոր օրենսդրության գործողության մեջ դնելուց հետո մեթոդական ուղեցույցների և ապացուցողական գործողությունների արդյունավետ կիրառման ուղղությամբ: Ներկայումս՝ նոր իրողությունների պայմաններում, մեծ թվով քրեական գործերով որպես կարևոր ապացույց՝ օգտագործվում են էլեկտրոնային ապացույցները, որոնց ճշգրիտ առգրավումը, պահպանումն ու հետագա օգտագործումը քրեական գործի բացահայտման համար ունի էական նշանակություն և քննիչների հետ պարբերական աշխատանքներ են տարվում՝ հիշյալ ոլորտում նոր հմտություններ ձեռք բերելու համար: Քննչական կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ պարբերաբար քայլեր են ձեռնարկվում ինչպես քննիչների, այնպես էլ տարբեր ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ. մշակվում և իրագործվում են առանձին ծրագրեր, ներդրվում են առանձին ծրագրեր և գործիքակազմեր՝ կառույցին վերապահված լիազորություններն արդիական չափանիշներով և ժամանակակից մոտեցումներով իրագործելու ուղղությամբ:
-Ըստ Ձեզ՝ երիտասարդ իրավաբաններն այժմ հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ են քննիչի մասնագիտության նկատմամբ:
– Քննիչի աշխատանքը պատասխանատու, բազմաշերտ և ծավալուն աշխատանք է և ուշագրավ է, որ այդ աշխատանքի նկատմամբ առկա է նաև հետաքրքրություն երիտասարդ մասնագետների կողմից: Նշեմ, որ միայն ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելու համար դիմորդների թիվն ընթացիկ տարում կազմել է 300, իսկ ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսանել են 80 ունկնդիրներ, ինչը նշանակում է, որ երիտասարդ իրավաբանները հետաքրքրված են քննիչի մասնագիտությամբ և ուրախ ենք, որ ապագայում համալրելու են Կոմիտեի ծառայողների շարքերը:
-Որո՞նք են ընթացիկ տարվա Ձեր գործունեության առաջնահերթությունները:
-Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեին է վերապահվել խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու հանցագործությունների դեպքերով քննությունը և նկատի ունենալով, որ նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների քննության իրականացման համար համապատասխան վարչությունը վերջերս է ստեղծվել, ինչպես նաև հիմքում ունենալով ոլորտի առանձնահատկություններն ու բարդության աստիճանը՝ Գլխավոր վարչության գործունեության առաջնահերթություններից է հիշյալ հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը: Արդիական է մնում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը:
-Պարոն Շառոյան, Դուք՝ որպես քաղաքացի և որպես քննիչ՝ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
– Քննիչը պետք է աչքի ընկնի և առաջնորդվի ոչ միայն իր մասնագիտական հմտություններով, այլ նաև ամենօրյա աշխատանքով, մարդկանց հետ հաղորդակցությամբ և շփումներով, ինչպես նաև մտածողության բարձր մշակույթով:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: