Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։
Այցը ՀՀ տեղի է ունենում 2023թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։
ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։
Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:
Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։
Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։
Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: