Լրահոս
17.09.20, 05:54

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան»  հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: