Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, ով 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, կատարել է մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել և խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաև նույն գործակալության երկու աշխատակիցների:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2013թ. ընթացքում գործակալության նշված աշխատակիցներին ներկայացրել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում որպես անապահովության նպաստառու այդպիսիք չհանդիսացող շուրջ 250 քաղաքացիների կենսորոշիչ տվյալների մուտքագրման և դրանք հաստատելու, սոցիալական աջակցություն տրամադրող համապատասխան ծառայություն վերջիններս ուղարկելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ դուրս գրելու, ինչպես նաև՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ դրանք հափշտակելու վերաբերյալ իր պլանը:
Վերջիններիս հետ ձեռք բերելով նշված եղանակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ նախնական հանցավոր համաձայնություն՝ կազմակերպել և ղեկավարել է իր ենթակայության ներքո գտնվող հիշյալ աշխատակիցների հանցավոր գործողությունները:
Աշխատակիցները, գործելով միմյանցից առանձին, սակայն գտնվելով սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի ղեկավարման ներքո, նպատակադրված հանցավոր արարքի կատարման միասնական դիտավորությամբ, 2013թ. նոյեմբերից մինչև 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում համակարգչային բազայում սոցիալապես անապահով անձանց վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներկայացնելով այդպիսիք չհանդիսացող մի շարք քաղաքացիների կենսորոշիչ տվյալներ, ապա մուտքագրված կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են «Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, որոնք Սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի կողմից հաստատվել են, և նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել ու յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքի փոստային բաժանմունքներ են առաքվել ընտանեկան նպաստի գումարներ:
Արդյունքում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներ առաքված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 231 942 500 ՀՀ դրամ գումարը փոստային բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ նրանցից վերցնելուց հետո խմբի կազմում հափշտակել են, իսկ ստացված գումարները շահառուներին հանձնված լինելու կեղծ հանգամանքը հիմնավորելու և իրենց հանցավոր գործողությունները քողարկելու նպատակով Սոցիալական աջակցության տարածքային գործակալության նշված աշխատակիցները հիշյալ շահառուների անվան դիմաց ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր համարվող նպաստառուների ցուցակներում, որից հետո դրանք վերադարձրել են փոստային ծառայության աշխատակիցներին՝ այդպիսով ցուցակներում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դնելով շրջանառության մեջ:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 13-ից մինչև 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար, նախապես տեղեկացել է՝ Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու և հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել՝ նշված իրավախախտումների կատարման վերաբերյալ և դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ ապօրինի հողօգտագործումը և ինքնակամ շինությունների կառուցումը օրենքով սահմանված կարգով կանխարգելելու, դրանց հետևանքները վերացնելու և քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որի հետևանքով Վարդենիս համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող հողի վրա կառուցված ընդհանուր օգտագորման զբոսայգու տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից, ինչն էլ էական վնաս է պատճառել համայնքին:
Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով(երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս ձերբակալվել է, և վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: