Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի հինգ մասնակցի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված այլ վարույթների շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հաջորդաբար միմյանց թմրամիջոցներ իրացնելու շղթա։
Դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները հետագայում միացվել էին մեկ վարույթում, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված անձանցից հինգի ինքնությունները:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն, ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 4․8 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Պարզվել է նաև, որ Հ.Բ.-ն հանցավոր շղթայում ներգրավել է նաև Վաղարշապատ քաղաքում բնակվող իր ընկերուհուն: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Բ.-ն առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին», առանձնապես խոշոր չափերով՝ 84․56 գրամ «Ափիոն» և առանձնապես խոշոր չափերի՝ 358․635 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցները պահել է նրա՝ Վաղարշապատ քաղաքում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ նշված բնակարանում հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կշեռքներ, տարբեր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, բազմաթիվ կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, քաղցրավուն հոտով պլաստմասսե ձողիկներ, որոնց ծայրերին առկա են փայլաթիթեղներ, իսկ ներսում՝ թմրամիջոցին նման հետքեր, ինչպես նաև՝ 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Քննությամբ պարզվել է, որ Հ.Բ.-ի կողմից շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից խոշոր չափերով՝ 1․01 գրամը հայտնաբերվել է նշված բնակարանում կատարված խուզարկության ժամանակ, իսկ առանձնապես խոշոր չափերով 4․8 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի 40-ամյա բնակչին, ով խոշոր չափերով՝ 0․26 գրամը նույն ամիսների ընթացքում վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի 56-ամյա մեկ այլ բնակչի, իսկ վերջինս էլ իր հերթին նշված խոշոր չափերով՝ 0․26 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից զգալի չափերով՝ 0․1 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա երիտասարդին, ինչպես նաև վերը նշված բնակարանում, իրացնելու նպատակով, պահել է 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Հ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս ընկերուհուն՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-267-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 25-ամյա երիտասարդին՝ 396-րդ հոդվածի 1-ին մասով, 56-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք, ևս մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն:
Հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև կեղծ թղթադրամներ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է: