Սպանություն Երևանում. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ:
2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Պարզվել է մահացածի ինքնությունը, ով հանդիսանում է Գագիկ Հովհաննիսյանը՝ ծնված 1953թ., նույն տան բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Խուզարկություն է կատարվել վերջինիս բնակարանում, որտեղ հայտնաբերվել են արյունոտ շորեր:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ 27-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: