Սպանություն Երևանում. հարուցվել է քրեական գործ (Լուսանկար)
2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 14 շենքի մոտ լսվել է կրակոցի ձայն, կա տղամարդու դիակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Վարդանանց 14-րդ շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով պարզված հանգամանքների մասին նախաքննություն այս փուլում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն: