Սպանության փորձ Էրեբունի վարչական շրջանում. որոշում է կայացվել` երկու անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում 4 անձի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ երկու անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի քանի անձ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, սպանելու դիտավորությամբ մուտք են գործել Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակներից մեկը և իրենց մոտ ապօրինի պահվող զենքերից, շատերի կյանքի համար վտնագավոր եղանակով, կրակոցներ արձակել՝ հրազենային վնասվածքներ պատճառելով այդ պահին գրասենյակում գտնվող Վահագն Գևորգյանին, Արման Սրապիոնյանին, Վլադիմիր Գևորգյանին և Արման Ավագյանին։
Կրակոցների հետևանքով՝ Վահագն Գևորգյանին պատճառվել է որովայնի միջանցիկ վնասվածք՝ լյարդի պատռվածքով, Արման Սրապիոնյանին՝ ձախ ոտնաթաթի, Վլադիմիր Գևորգյանին՝ աջ ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների և Արման Ավագյանին՝ աջ ազդրի նստաներվի վնասման ձևով։
Տուժողների դիմադրության արդյունքում նշված անձինք դիմել են փախուստի:
Քննությամբ պարզվել է զինված նշված բուքմեյքերական գրասենյակ մուտք գործած անձանցից 2-ի ինքնությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ 2 անձի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: