Սպանվել է 80-ամյա կին. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա կնոջն սպանելու դեպքի առթիվ:
Քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում է տվել, որ «Շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել 80-ամյա մորը:
2015թ. օգոստոսի 28-ին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Ա.Նազարյանն այցելել է հայրական ՝ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 154-րդ տուն, որտեղ տանը կից ավտոտնակի հորի միջից հայտնաբերվել է 80-ամյա Արաքսյա Անուշավանի Հարությունյանի դիակը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Նշանակվել է դատահողագիտական և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պարզելու առերևույթ հանցագործություն կարատարած անձի կամ անձանց ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: