Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300մլն դրամի հափշտակություն է կատարել․նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը:
Քննությամբ հիմնավորվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, դրանք հափշտակելու համար, վստահություն առաջացնելու նպատակով, մոտեցել է այդ անձանց, ներկայացել որպես վերջիններիս հարազատներին, հիմնականում՝ նրանց հոր մտերիմ կամ բարեկամ, և նրանց վստահությունը ձեռք բերելու համար խնդրել է զանգահարել նրանց այդ հարազատներին, հեռախոսով զրուցել վերջիններիս հետ և այդ կերպ ամրապնդել տուժողների վստահությունն իր նկատմամբ: Հեռախոսազրույցն ավարտելուց հետո, հենց տեղում կամ սրճարաններ հրավիրելով, նրանցից վերցրել է տարբեր արժողությամբ և քաշի ոսկյա զարդեր, ապա, ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով, հեռացել և այլևս չի վերադարձել:
Որոշ դեպքերում 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, որպես նրանց ազգականի մտերիմ՝ խնդրել է այդ անձանց իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իր իբրև թե ծանոթ նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։ Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները կամ թուլացնելով զգոնությունը, պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։
Մեկ դեպքում էլ վերջինս, գնորդին ներկայանալով որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, պայմանավորվածություն է ձեռք բերել ավտոմեքենան 500.000 ՀՀ դրամով վաճառելու հարցի շուրջ: Ապա հայտնելով, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց գտնվում է ինչ-որ անձի մոտ՝ խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն, նա հեռացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (31 դրվագ ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 1-ին մասին, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (9 դրվագ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 2-րդ մասին 4-րդ կետին և 176-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է։ Խարդախությամբ և այլ կերպ կատարված 40 դրվագ հափշտակությունների մասով վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ելնելով քրեական վարույթի աննախադեպ ծավալից՝ մյուս 33 դրվագների մասն ավելի վաղ ուղարկվել էր դատարան։
Նշված անձի հանցավոր արարքներից տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300մլն. ՀՀ դրամ:
Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: