Լրահոս
26.01.17, 11:38

Շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով (Լրացված)

Շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով (Լրացված)

2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով անհայտ տղամարդու դի:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Զննությամբ տղամարդու  հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկի բաց պատշգամբի՝ շենքի դրսի պատի հատվածում հայտնաբերվել են մարզական կոշիկների հետքերին նմանվող հետքեր:

Նույն օրը հաղորդում է ստացվել մի բնակչուհուց առ այն, որ անհայտ անձը փորձել է պատուհանից մուտք գործել իր բարեկամին պատկանող՝ նշված շենքում գտնվող բնակարան:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնութունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրացում...

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով հանդիսանում է 1977թ. ծնված Արկադի Մխիթարյանը։