Պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ կատարելու գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչի հետ նախնական համաձայնությամբ, անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք, ոչնչացրել է անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակները, ստուգման վերաբերյալ կազմված ակտում ներառել է կեղծ տեղեկություններ և հանձնել, ինչպես նաև ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:
Մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից իրականացրած ստուգումների ընթացքում նշված մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր՝ 738.000 ՀՀ դրամ, որից հետո հիշյալ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող՝ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը և նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչը նախնական համաձայնության են եկել՝ վերոնշյալ անտառպետության անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ:
Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. նոյեմբերի 18-ին տեսչության պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառքը՝ 500.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 22-ին իր աշխատասենյակում նշված տեսչության վերոնշյալ բաժնի ավագ պետական տեսուչի հետ քննարկել և ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու դրա արդյունքում պատճառված վնասի չափը նվազեցնելու նպատակով պատռել են անտառպետության տարածքում արձանագրված հաշվեգնահատման ցուցակները: Տեսչության պետի տեղակալը կազմել է ստուգման ակտը, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ բնությանը պատճառված վնասի վերաբերյալ և հանձնել այն:
Բացի այդ, 2016թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, ինչպես նաև նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված և տեսչության պետի տեղակալի կողմից վերահսկվող ստուգումների արդյունքում «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 35 պահաբաժիններում և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 34 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 426 ծառ՝ բնությանը պատճառված ընդհանուր 9.595.000 դրամ վնասով: Դրանց իրական ծավալները թաքցնելու նպատակով, տեսչության պետի տեղակալի թողտվությամբ, ստուգումների ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակներում նվազեցնելով ապօրինի հատված ծառերի վնասի հաշվարկները՝ կազմվել և շրջանառության մեջ է դրվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտը, որում կեղծ տեղեկություններ են ընդգրկվել հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ:
Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչի որոշման հիման վրա և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2017թ. մայիսի 18-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման ընթացքում տեսչության պետի տեղակալը, անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները. իր գիտությամբ և թողտվությամբ ստուգող խմբի անդամները ամբողջական ծավալով չեն արձանագրել ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական քանակն ու բնությանը պատճառված վնասի չափը: Այնուհետև, տեսչության պետի տեղակալը ստուգման վերաբերյալ կազմել և վարույթն իրականացնող մարմնին հանձնելու ձևով շրջանառության մեջ է դրել կեղծ ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Վերոնշյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունն ավելի վաղ ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: