Լրահոս
21.05.16, 10:45

Պարզվում են Ալավերդիում 2 անձի սպանության հանգամանքները. մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Պարզվում են Ալավերդիում 2 անձի սպանության հանգամանքները. մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

2016 թվականի մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում, կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ են արձակվել Վարդան Ավագյանի և Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ։ Վարդան Ավագյանն ստացել է հրազենային երկու վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Էդուարդ Պողոսյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Ալավերդի բժշկական կենտրոն», ապա ՝«Էրեբունի բժշկական կենտրոն», որտեղ էլ մայիսի 21-ին՝ ժամը 02:30-ին, մահացել է:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է եւ հայտարարվել հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։