Պարզվել է Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց ինքնությունը. Քննիչներն ու ոստիկանները պարգևատրվել են բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքի համար (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, հայտնաբերվել է երկու անձի դիակ՝ կնոջ և տղամարդու։ Նախնական տվյալներով՝ դրանք հանդիսանում են Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը, որոնց գտնվելու վայրն անհայտ էր սեպտեմբերի 18-ից։ Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, միկրոմասնիկային փորձաքննություններ։
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանաչման գործողություն և հարազատները, հիմք ընդունելով հագուստները, ատամնաշարը և մի քանի այլ կողմնորոշիչ տվյալներ, հայտարարել են, որ դիակները հանդիսանում են Վարդուհի Սիմոնյանինը և Սամվել Ալիխանյանինը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 20-ին և հոկտեմբերի 6-ին Վ. Սիմոնյանի և Ս. Ալիխանյանի հարազատներից հաղորդումներ էին ստացվել, որ իրենց հարազատների մասին սեպտեմբերի 18-ից որևէ տեղեկություն չունեն: Քննությամբ պարզվել էր, որ նրանք ճանաչում են միմյանց, վերջին անգամ նրանց տեսել են միասին: Բնակիչների անհետ կորելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Մշակված աշխատանքային վարկածներն ստուգելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար իրականացված աշխատանքների արդյունքում նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակիչները դարձել են սպանության զոհ. նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխվել և թաքցվել են Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է նրանց մարմինները։ Խուզարկություններ են կատարվել սպանության դեպքի վայր հանդիսացող տանը և սպանությանն առնչություն ունեցած անձանցից մեկի կողմից Երևանում վարձակալված բնակարանում, ավտոմեքենայում, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք ապացույցներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։
Երկու անձի սպանության բացահայտման ուղղությամբ համագործակցված աշխատանքը բարձր է գնահատել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ փաստելով, որ ծանր հանցագործության մի շարք հանգամանքների պարզումը քննչական և օպերատիվ աշխատանքի արդյունքում ձեռք բերված տեղեկատվության ակտիվ փոխանակման, համատեղ մշակված և իրականացված գործողությունների արդյունքն է։
Ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, տեղակալ Արթուր Ավետիսյանը, նույն քննչական վարչության մի խումբ քննիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանը, Հրազդանի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: