Ոստիկանության Կոտայքի բաժնում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա:
Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը, ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկրացուն, ով գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։
Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից, նախնական տվյալներով, փորձել են ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
«Աբովյան» ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի՝ ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), 173-րդ հոդվածի 1-ին մասով(Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասով(Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), նախաձեռնվել քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև «AKM» տեսակի ինքնաձիգը։
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: