Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից ցած նետվելու իր մտադրության վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացվել է 2022թ. օգոստրսի 18-ին՝ ժամը 07:30-ին:
Անմիջապես դեպքերի վայրեր են մեկնել քննչական-օպերատիվ խմբերը. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի Աղբյուրակի փողոցում գտնվող տան զննությամբ հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դին՝ դանակի բազմաթիվ հարվածներով, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ Նոր Հաճնի կամրջի տակ՝ 73-ամյա տղամարդու դին:
Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: