«Մուսալեռ»-ում սպանության գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է. նրան մեղադրանք է առաջադրվել
Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ա.Պառավյանը ինքնակամ ներկայացել է, և նրան մեղադրանք է առաջադրվել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Պառավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 2016 թվականի հունվարի 6-ին նշված համալիրում որպես զենք օգտագորվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել էր հունվարի 9-ին և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հայտարարվել հետախուզում։
Հետախուզման մեջ գտնվող Ա.Պառավյանն իրավապահ մարմիններին է ներկայացել հունվարի 11-ին և կալանավորվել։ Մեղադրյալը հարցաքննվել է, և նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ա.Պառավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը քննարկման առարկա կդառնա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայումս հետախուզման մեջ է գտնվում 2 անձ Ա.Բաբայանը, ով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) , 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզվողներին հայտնաբերելու, միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: