Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ Ը գլխավոր տնօրենին, և քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ:
Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները:
Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝ ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով:
Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը), և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Քրեական գործը 2020թ. ապրիլի 8-ին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: