Մասնագիտությամբ հաշվապահ անձը, առցանց ֆինանսական գործառնությունների խեղաթյուրմամբ, պետությունից և բանկերից 338մլն. ՀՀ դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը, ինչպես նաև՝ պատճառված վնասի չափը:
Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, լինելով մասնագիտությամբ հաշվապահ և տիրապետելով ՀՀ հարկային օրենսդրությանը, աշխատակցել է 2021 թվականի դեկտեմբերից գործունեությունը ժամանակավոր դադարեցված ՍՊ ընկերությանը և ունեցել է ՊԵԿ հարկային միասնական հաշվին, ինչպես նաև` ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարներին հասանելիություն։
Օգտվելով քարտային համակարգի կողմից քարտային գործարքների բնականոն ընթացքն ապահովող ծրագրային ապահովման վրիպակից՝ նա հայաստանյան բանկերից մեկի կողմից իր անվամբ թողարկված վիրտուալ բանկային քարտի հաշվին ունեցած ընդամենը 998.000 ՀՀ դրամ գումարը, առանց հարկային պարտավորություններ ունենալու, 29 անգամ փոխանցել է նշված ՍՊԸ-ի՝ իր տնօրինությամբ գործած ՊԵԿ հարկային միասնական հաշվին՝ օգտագործելով բանկերից մեկի վիրտուալ «Pos» տերմինալի ծրագրային ապահովումը: Արդյունքում՝ նշված ՍՊ ընկերության հարկային հաշվին գոյացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.320.000 ՀՀ դրամի հարկային գերավճար։ Հետագայում, տվյալ անձի դիմումի համաձայն, ՊԵԿ-ից նշված գումարը փոխանցվել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներին, որը 31-ամյա անձը կանխիկացրել է և հափշտակել։
Բացի այդ, նույն անձը, 2020թ․ հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված տարբեր տնտեսվարող սուբյեկտներին հաշվապահական ծառայություններ մատուցելու ընթացքում, իրեն ավելացրել է մի շարք հարկ վճարողների էլեկտրոնային համակարգերում՝ որպես առցանց լիազոր։ Ապա, խեղաթյուրելով իրականությունը, նա հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի հաշվարկներում և ներմուծման հարկային հայտարարագրերում էլեկտրոնային եղանակով կատարել է ոչ հավաստի, իրականությանը չհամասպատասխանող ճշտումներ, որոնց արդյունքում այդ հարկ վճարողների մոտ առաջացել են գերավճարներ։
Գերավճարները ձևավորելուց հետո, հանդես գալով հարկ վճարողների անունից, առանց նրանց համաձայնության ու թույլտվության, ՀՀ ՊԵԿ է ներկայացրել գերավճարները հետ ստանալու էլեկտրոնային դիմումներ, որտեղ նշել է իր կամ իր հետ փոխկապակցված անձանց ու կազմակերպությունների բանկային հաշվեհամարներ։ Այս եղանակով վերը նշված ժամանակահատվածում թվով 56 հարկ վճարողների հաշվետվություններում կատարելով կեղծ ճշտումներ՝ ՀՀ ՊԵԿ միասնական հաշվից նա հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 313.082.031 ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և երկու բանկեր ճանաչվել են տուժող:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման մջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: