Լրահոս
15.04.22, 13:06

Մամուլի ասուլիս ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

Մամուլի ասուլիս ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և համացանցի միջոցով դրանց իրացման առանձնահատկությունները» թեմայով, որի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ասպարեզում իրականացվող մինչդատական վարույթի ընթացակարգային ուղղությունները՝  մանրամասնելով համացանցի, այդ թվում՝ սոցիալական տարբեր ցանցերի ու հավելվածների, միջոցով դրանց իրացման առանձնահատկությունները:

Բանախոսն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում գրանցված ցուցանիշներին, ինչպես նաև վերլուծություններ կատարել հանրային կարևորություն ունեցող տարբեր հարցադրումների վերաբերյալ:

Ըստ Հովհաննես Համբարյանի՝ կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այս հանցատեսակը ներկայումս ունի բավականին լայն տարածում և ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսևորումներով, դրանում ներգրավված անձանց մեծ քանակությամբ և անընդհատ կատարելագործվող նոր մեթոդների ու միջոցների ներդրմամբ:

Հ.Համբարյանը, անդրադառնալով այս հանցատեսակի առանձնահատկություններին, փաստել է, որ ժամանակի ընթացքում մշակվել են թմրամիջոցների շրջանառության նոր եղանակներ, որոնց շնորհիվ թմրամոլը կարող է տանից կամ ցանկացած վայրից պատվիրել և ձեռք բերել թմրամիջոց՝ առանց թմրավաճառի հետ առերես հանդիպման: Արդյունքում՝ թմրամիջոցները հայտնվում են հասարակության տարբեր խմբերում և վայրերում՝ ուսումնական հաստատություններում, ժամանցային հանրային վայրերում, քրեակատարողական հիմնարկներում:

Վարչության պետը ներկայացրել է նաև, որ հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի տրամաբանությունն ու առանձնահատկությունները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նմանատիպ գործերի նախաքննությունը կենտրոնացվել է Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, մշակվել է նշված եղանակով կատարված հանցագործությունների քննության մեթոդիկան, ինչը հնարավորություն է ընձեռել բացահայտել ՀՀ տարածքում գործող մի քանի կազմակերպված խմբերի:

Հովհաննես Համբարյանն իր խոսքում ընդգծել է նաև տվյալ ասպարեզում ՀՀ գլխավոր դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցված աշխատանքի կարևորությունները, որի համար հիշյալ գերատեսչությունների տարբեր ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից:

Հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից տրված տարբեր հարցերի ևս: