Լրահոս
22.03.22, 10:39

Լորուտ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով (լուսանկարներ)

Լորուտ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի օրը՝ 2022թ. մարտի 20-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել տուժած երիտասարդի և 2003թ. ծնված համագյուղացու միջև, որի մասին վերջինս հայտնել էր հորը՝ նույն գյուղի 42-ամյա բնակչին, ով վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, գյուղամիջում, 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել էր վերջինիս ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 42-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: