Լրահոս
21.10.15, 15:55

Հիմնանորոգվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարչական շենքը (Լուսանկարներ)

Հիմնանորոգվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարչական շենքը (Լուսանկարներ)


Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության՝ հիմնանորոգված վարչական շենքի պաշտոնական բացումը։

Հիմնանորոգման արդյունքում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 18 հասցեում գործող մարզային քննչական վարչության վարչական շենքն ունի հիմնովին նոր մուտք, վերանորոգված աշխատասենյակներն ապահովվել են աշխատանքային անհրաժեշտ պայմաններով և համակարգչային տեխնիկայով։

Վարչության պետը, ներկայացնելով շինարարների կատարած աշխատանքը, մատնանշեց, որ վարչական շենքում նախատեսվել է անչափահասների հարցաքննության առանձին սենյակ՝ նկատի ունենալով անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները։ Նախամուտքում գործում է անցագրային կետ, որտեղ կա «Դիմումների, բողոքների և առաջարկությունների արկղ», ինչպես նաև՝ քաղաքացիների ընդունելության օրերի մասին ծանուցում։

ՀՀ ՔԿ նախագահ  Աղվան Հովսեփյանը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ  քննարկել տարբեր քրեական գործերով իրականացվող նախաքննության ժամկետներին,  քննության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին վերաբերող հարցեր, տվել կոնկրետ հանձնարարականներ՝ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Վարդան Ավագյանը պարգևատրվել է գերատեսչական մեդալով։