ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, համաձայն որի, նույն օրը՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության հիշյալ աշխատակցին մոտեցել է «Նիսսան» մակնիշի վտոմեքենայի վարորդը և հայտնել, որ լավ չի զգում` խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության աշխատակիցը նստելով հիշյալ ավտոմեքենան, օգնություն խնդրած անձին և մեքենայում գտնվող ուղևորին տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում վերջինս առանց որևէ պատճառի սկսել է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության աշխատակցի հասցեին, քաշքշել նրան և հարվածել վերջինիս քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1975թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: