ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ստորագրեցին մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:
«Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ դառնան նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, և եթե այդ ուղղությամբ կան որոշակի դիմումներ, բողոքներ, գանգատներ, մենք կարողանանք համատեղ օրինական կարգով ընթացք տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
«Մենք այսօր այստեղ ենք այն հույսով, որ այս Փոխըմբռնման հուշագիրը լինելու է իսկապես գործուն, իսկապես աշխատանք է կատարվելու: Միաժամանակ նշեմ, որ մեր դիմումատուների համար մենք շարունակելու ենք երաշխավորել օրենքով պարտադիր գաղտնիության պայմանները, այսինքն՝ մեր համագործակցությունը երբեք չի լինելու ի վնաս որևէ քաղաքացու»,- իր հերթին նշեց Կարեն Անդրեասյանը:
Ստորագրված փաստաթղթով նախանշվել են հստակ կառուցակարգեր՝ մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով։
Մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանը և Քննչական կոմիտեն համաձայնել են կազմակերպել քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խնդիրների համատեղ քննարկումներ, յուրաքանչյուր տարվա արդյունքներով անցկացնել խորհրդակցություններ։
Հուշագրի համաձայն՝ Օմբուդսմենը քննչական կոմիտեին միջնորդում է քննարկել վերջինիս իրավասությանը վերաբերող մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերը, մարդու իրավունքների և ազատությունների խախտումներ
վերաբերյալ ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում հաշվի է առնում Քննչական կոմիտեի առաջարկություններն ու նկատառումները:
Իսկ Քննչական կոմիտեն իր իրավասության շրջանակում Օմբուդսմենի աշխատակազմից օրենքով սահմանված կարգով և պայմաններով տեղեկատվություն է հայցում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների փաստերի վերաբերյալ, այդ փաստերի մասին ամենամյա կամ հատուկ զեկույցի մշակման ընթացքում առաջարկություններ է ներկայացնում հիշյալ խախտումների նախականխման և վերացման ուղղությամբ, առաջարկ է ներկայացնում Օմբուդսմենին դիմել Սահմանադրական դատարան՝ Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կիրառման ենթակա նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։
Կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կհրավիրվի մասնակցելու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերին՝ օրակարգում ընդգրկված` մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցերի կապակցությամբ, կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի հարցումների համակողմանի քննարկումն ու պատճառաբանված պատասխանի տրամադրումը:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: