Պաշտոնական
29.03.18, 12:16

ՀՀ քննչական կոմիտեի և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր (լուսանկարներ)

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանն այսօր՝ մարտի 29-ին, ստորագրեցին ինտերնետ հասանելիության ծառայությունների, հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու նախաքննության ընթացքում տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների  վերծանումներն ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Նախկինում ևս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրվել են վերծանումները, սակայն դրանք փոստային առաքման դեպքում ձգձգվել են, ինչն էլ իր հերթին հանգեցրել է  նախաքննության ժամկետների ձգձգմանը:

Ստորագրված փաստաթուղթը նպատակ է հետապնդում հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել քննության ընթացքում դատարանների որոշումների հիման վրա  վերծանումները ՀՀ ՔԿ-ին տրամադրելու գործընթացը։ Դա կնպաստի հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ մշակված աշխատանքային վարկածները հնարավորինս արագ ստուգելուն, ինչն էլ իր հերթին  կնպաստի նախաքննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու սահմանադրական պահանջի ապահովմանը:

Հուշագրի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն  կապահովի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով Վերծանումների վերաբերյալ դատարանների որոշումները կապի օպերատորին փոխանցումը, իսկ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կապահովի սեղմ ժամկետում վերծանումների՝ էլեկտրոնային տարբերակով փոխանցումը ՀՀ ՔԿ դեպարտամենտի 1-ին բաժին։  «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ:

«Քննչական կոմիտեն ձևավորվելու առաջին իսկ օրերից ամեն ինչ նախաձեռնում և իրականացնում է, որպեսզի պայմաններ ստեղծենք քննիչների համար՝  նախաքննության ժամկետները կրճատելուն ուղղված: Այս առումով մենք ստորագրել ենք հուշագրեր Հայաստանում աշխատող օպերատորների հետ, և արդյունքը եղել է այն, որ պահանջվող տվյալներն էապես կարճ ժամանակում ներկայացվել են քննիչներին: Համեմատելու եթե լինենք, խոսքը գնում է էական կրճատումների մասին. նախկինում ամիսներ պահանջող տեղեկատվությունն այսօր ստանում ենք օրերի ընթացքում։ Այսօր նման փաստաթուղթ ենք ստորագրում նաև «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության հետ, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, առավել ևս՝ տեղեկատվությունը պետք է ստանանք էլեկտրոնային եղանակով»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նշենք, որ ավելի վաղ՝  2015 թվականի նոյեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեն այսօրինակ հուշագիր է ստորագրել  նաև հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի երեք օպերատորների՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի հետ։ Ներդրված մեխանիզմն այս տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը։