Պաշտոնական
04.02.16, 14:02

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է ՔԿ կազմավորման գործընթացը, գործունեության առանձնահատկություններն ու սկզբունքները՝ փաստելով, որ այն հանրապետությունում գործող անկախ, արտագերատեսչական միակ քննչական մարմինն է, որն ունի տարածքային ստորաբաժանումներ հանրապետության բոլոր մարզերում։

Քրեական գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձևավորվել են հստակ կառուցակարգեր, որոնց արդյունքում էապես բարելավվել է մյուս իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը, բջջային օպերատորների կողմից  օրենքով սահմանված կարգով վերծանումների՝ սեղմ ժամկետներում տրամադրման գործընթացը։

Մեծածավալ աշխատանքներ են իրականացվում քննիչների մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ, ներդրվել է աշխատանքի ընդունման բավականին բարդ ընթացակարգ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կոռուպցիոն դրսևորումների բացառմանը։

«Գիտակցում ենք նախևառաջ մեր հասարակության սպասումներն ու պահանջները՝ ուղղված ՀՀ քննչական կոմիտեին, ինչը շատ պարտավորեցնող է, և քայլ առ քայլ փորձում ենք հաղթահարել առկա խնդիրները՝ բարձրացնելով քննության որակն ու արդյունավետությունը»,- նշել է Ա.Հովսեփյանը և արձանագրել, որ քննիչներին ներկայացված պահանջները շատ խիստ են, և մասնագիտական գործունեությունը, համակարգն արատավորող յուրաքանչյուր դրսևորում արժանանում է համապատասխան իրավական գնահատականի։

Համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու առումով ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է տարածքային ստորաբաժանումների համար աշխատանքային բնականոն պայմանների, համապատասխան քննչական սենյակների ստեղծումը, քրեագիտական տեխնիկայի ապահովումը, որոնց ուղղությամբ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցաբար զգալի աշխատանք է կատարվել 2015 թվականին և կշարունակվի նաև ընթացիկ տարում։

Ն Վուտովան, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը ՀՀ քննչական կոմիտեի հետ՝ Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2015-2018թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը հաստատվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2015թ. սեպտեմբերի 15-ին, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուտցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

Գործողությունների առանցքային չորս ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքային քննարկումները՝ համագործակցության ուղղությունները զարգացնելու համար։