Լրահոս
20.04.18, 12:13

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Քրեական գործի տվյալների համաձայն՝ 2018թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ Տուժողների ցուցմունքների համաձայն՝ դեպքի օրը, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, փորձել են բերման ենթարկել հակաիրավան վարքագիծ թույլ տված անձին, ինչի ժամանակ մի քանի հոգի հարձակվել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով իրենց մարմնի տարբեր մասերին։ Կատարված քննությամբ պարզվել է բռնությանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր ձերբակալվել են։

Քրեական գործի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է Երևանի քննչական վարչությանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: