Հանցագործություն կատարելով՝ հեշտ գումար վաստակելու և չբացահայտվելու մոլուցքը շատերին է ներգրավել համացանցային թմրավաճառության շղթայի մեջ․ Հովհաննես Համբարյան

Ծնողները պետք է ուշադիր լինեն երեխաների կողմից օգտագործվող բջջային հեռախոսների, դրանց պարունակության, սոցիալական ցանցերով վարվող նամակագրությունների նկատմամբ, մշտապես ստուգեն դրանց բովանդակությունը, և որևէ տարօրինակ բան հայտնաբերելու դեպքում դիմեն իրավապահ մարմիններին: Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում անչափահասների ծնողներին այս հորդորն է ուղղել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանի հետ է:
– Պարոն Համբարյան, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները մշտապես գտնվում են հանրության առավել զգոն ուշադրության կենտրոնում. այս պահին ինչպիսի՞ պատկեր ունենք հանրապետությունում՝ տվյալ ուղղություններով:
– Նախ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ինչպես առհասարակ «Ներկայացնում է քննիչը» խորագրով հարցազրույցների շարքը նախաձեռնելու և այդ կերպ քննիչի բարդ և պատասխանատու աշխատանքը լուսաբանելու, այնպես էլ՝ ինձ ևս նշված շարքի մասնակից դարձնելու համար: Հաշվի առնելով, որ մարդկանց թրաֆիքինգի և անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների տուժողներ են դառնում խոցելի խմբում գտնվող անձինք և անչափահասները, ովքեր հիմնականում զրկված են լինում իրենց պաշտպանելու հնարավորությունից, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները առնչվում են հանրության բոլոր շերտերին և կարող են չարիք դառնալ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար՝ ուստի, կարծում եմ, որ հասարակության պահանջկոտ և խիստ վերաբերմունքը նշված հանցագործությունների քննության նկատմամբ բնական է, և ինքս էլ ուրախ եմ այդ հանգամանքով, քանի որ դա պարտավորեցնում է իրավապահ մարմիններին օրեցօր կատարելագործվել, ուսումնասիրել այլ պետություններում իրականացվող քննության և պայքարի փորձը, մշակել մեր իրականությանը և ժամանակի պահանջներին համապատասխանող նոր մեթոդիկաներ և կիրառել դրանք: Նշեմ, որ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների ամենօրյա հսկողության ներքո, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում քրեական գործերի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության և հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման վրա, և ըստ իս՝ հենց այս ամենի արդյունքում էլ տվյալ ոլորտում ունենք բավականաչափ հաջողություններ, ինչն արձանագրվել է ոչ միայն մեր, այլ նաև օտարերկրյա գործընկերների կողմից:
– Վերջերս Դուք մամուլի ասուլիսի շրջանակներում ներկայացրեցիք թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ուղղված որոշակի երևույթներ. եթե փորձենք ընդհանրացնել այս ասպարեզում առկա երևույթները, ապա ընդհանուր գծերով ի՞նչ ասելիքներ կունենաք:
– ՔԿ-ի կողմից այդ ասուլիսի կազմակերպումը նպատակ ուներ ոչ այնքան լուսաբանելու մեր կողմից կատարված աշխատանքը, այլ՝ հանրությանն իրազեկելու ոլորտում տիրող իրավիճակի և յուրաքանչյուր քաղաքացուն սպառնացող հնարավոր վտանգի մասին: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ համացանցն այսօր դարձել է առօրյա իրականության հետ տարբեր «խողովակներով» փոխկապակցված մի հարթակ, որը ծառայում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընթացներ իրականացնելու, այնպես էլ տարատեսակ հանցագործություններ կատարելու համար: Կենցաղային մակարդակում, համացանցային հանցագործությունները ասոցացվում են կիբեռհանցագործությունների հետ, սակայն դա արդեն այդպես չէ, ավելին՝ համացանցն այն լավագույն գործիքն ու միջոցն է, որը սահմաններ, ազգություն, դավանանք, պետություն չի ճանաչում և հանդիսանում է տրանսկոնտինենտալ հանցագործությունների զարգացման ու ընդլայնման լավագույն տարբերակ: Հենց այս ամենի հետևանքով էլ թմրամիջոցների ապօրինի իրացման մեծ մասը տեղափոխվեց համացանցային տիրույթ՝ այդպիսով դառնալով ավելի լատենտային, և ստեղծելով խնդիրներ՝ հանցագործներին բացահայտելու համար: Սակայն այդ ամենը մեզ ստիպեց մշակել բացահայտման նոր եղանակներ, ինչի համար կարևոր խթան հանդիսացավ այն, որ ՔԿ նախագահի հանձնարարությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող բազմածավալ, հնչեղություն ունեցող և քննության առումով բարդություն ներկայացնող քրեական գործերի, ինչպես նաև համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված բոլոր քրեական գործերի նախաքննությունը կենտրոնացվեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս ամենը, վստահաբար, տվել է իր դրական արդյունքները, ինչի մասին վկայում են նաև վերը նշված ասուլիսի ընթացքում ներկայացված տվյալները և հնչեցրած թվերը:
– Վերջին շրջանում իրավապահ մարմինները հաճախ են հայտնում ապօրինի թմրաշրջանառության այնպիսի դեպքերի մասին, որոնք կատարվել են սոցցանցերի, օրինակ՝ Telegram-ի միջոցով։ Նման դեպքերը կանխելու համար ի՞նչ քայլեր են կատարվում։
– Քննչական կոմիտեի կողմից մշակված քննության նոր մեթոդիկայի շնորհիվ արդեն իսկ դադարեցվել են Telegram-ի միջոցով թմրամիջոցների վաճառքով զբաղվող ավելի քան 40 ալիքների աշխատանքներ, բացահայտվել է ալիքները կառավարող 5 կազմակերպված խումբ, 50-ից ավելի անձ ներգրավված է որպես մեղադրյալ, ավելի քան 30 անձ կալանավորվել է: Կարծում եմ՝ Telegram-ի միջոցով թմրամիջոցների շրջանառության այսիսի մեծ քանակի հիմքում ընկած է այն, որ վերը նշված անձինք ավելի քան 4-5 տարի ամենօրյա ռեժիմով իրականացրել են տարատեսակ թմրամիջոցների վաճառք, ստացել են ահռելի եկամուտներ, սակայն երբեք չեն հայտնաբերվել, ինչից էլ կարծել են, որ իրենք անբացահայտելի են:
Հանցագործություն կատարելով՝ հեշտ գումար վաստակելու և չբացահայտվելու մոլուցքը շատերին է ներգրավել համացանցային թմրավաճառության շղթայի մեջ և ամենացավալին այն է, որ դրանք հիմնականում դեռահասներ կամ երիտասարդներ են, ովքեր կործանում են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հասակակիցների ճակատագրերը: Միայն այն, որ մեր բացահայտումներից հետո այլևս բոլոր տելեգրամյան թմրավաճառները հասկացել են, որ իրենք ևս բացահայտման վտանգի տակ են, ստիպել է շատերին արդեն իսկ դադարեցնել իրենց գործունեությունը, սակայն դեռևս կան բախտախնդիրներ, ովքեր շարունակում են իրենց գործը՝ չպատկերացնելով անգամ, որ ամենժամյա ռեժիմով իրենց վերաբերյալ ձեռք են բերվում նոր ապացույցներ և ներկայումս էլ արդեն իսկ կան մի քանի էջեր, որոնց կառավարիչների և նրանց ստեղծած կազմակերպված խմբում ներգրավված տասնյակ անձանց տվյալները հայտնի են նախաքննական մարմնին, ուստի, վստահաբար շատ շուտով նրանք ևս կհամոզվեն, որ իրենք անբացահայտելի չեն և ՔԿ-ն նշված հանցագործությունների դեմ պայքարում շարունակելու է մղել կոշտ և անողոք պայքար՝ օգտագործելով օրենքով իրեն տրված ողջ լիազորությունները և գործիքակազմը: Կանխարգելմանն ուղղված քայլերից էր նաև Ձեր կողմից հիշատակված մամլո ասուլիսը և հուսամ այն ծառայեց իր նպատակին:
– Փաստորեն, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները ևս դրսևորումներ ունեն մեր հասարակության շրջանում. ինչպիսի՞ հորդոր կամ կողմնորոշիչ խոսք կուղղեիք ծնողներին և հենց անչափահասներին:
– Առհասարակ մի տեսակ անհասկանալի է այն, որ մեր իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք հանդգնություն են ունենում ոտնձգություններ կատարել հայ մարդու ունեցած ամենաբարձր արժեքներից մեկի՝ երեխաների նկատմամբ: Նշված հանցագործությունների քննությունը՝ ինչպես մարդկային հուզական, այնպես էլ գործերի քննության մեթոդիկայի առումով շատ բարդ է և պատասսխանատու, քանզի շփվելով արդեն իսկ տուժած երեխայի հետ՝ պետք է անես ամեն բան, որպեսզի կարողանաս հիմնավորել կատարված հանցագործությունը՝ միաժամանակ ևս մեկ անգամ հոգեբանական վնաս չպատճառելով տուժած երեխային: Ստացվեց այնպես, որ այսօր մշտապես խոսում ենք համացանցի մասին, սակայն դա օրվա հրամայական է: Ներկայումս ունենք արձանագրված դեպքեր, երբ երեխաների նկատմամբ ոտնձգությունները կատարվում են համացանցում՝ նրանց հետ նամակագրություններ վարելու միջոցով, ուստի այստեղ ևս պետք է հորդորեմ և՛ ծնողներին, և՛ մեր սիրելի մանկավարժներին, որպեսզի ուշադիր լինեն երեխաների կողմից օգտագործվող բջջային հեռախոսների, դրանց պարունակության, սոցիալական ցանցերով վարվող նամակագրությունների նկատմամբ, մշտապես ստուգեն դրանց բովանդակությունը և որևէ տարօրինակ բան հայտնաբերելու դեպքում դիմեն իրավապահ մարմիններին:
– Անչափահասների՝ տարատեսակ հանցագործությունների զոհ դառնալու վտանգները նվազեցնելու համար արդյո՞ք ՔԿ-ն համագործակցում է դպրոցների հետ։ Ըստ Ձեզ՝ իրավապահ մարմինների ու դպրոցների համագործակցության անհրաժեշտություն կա՞․ կլինի դա թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների հետ հանդիպումների տեսքով, իրազեկման բնույթ կրող որոշակի միջոցառումներով կամ այլ կերպ։
– Իրականում այդպիսի համագործակցության ձևաչափեր կան, սակայն վերջիններիս ծավալների ու աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունն արդեն իսկ մեծապես կարևորվում է, և այն ներառված է մեր գործունեության ռազմավարական ծրագրերում, որոնք կյանքի ենք կոչելու առաջիկայում:
- Հատկապես ամռան ամիսներին՝ արձակուրդային օրերին, խանութներում, շինհրապարակներում կամ այլ աշխատավայրերում կարող ենք հանդիպել աշխատող դպրոցականների։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, նրանց ծնողներին․ առավել շատ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել աշխատանքի անցնելիս՝ թրաֆիքինգի կամ ոլորտին բնորոշ այլ հանցագործության զոհ չդառնալու համար։
– Առհասարակ անչափահաս երեխաներին որևէ աշխատանքում ներգրավելը ինքնին ողջունելի չէ, սակայն հաշվի առնելով մեր բնակչության շրջանում առկա որոշակի սովորույթները և իրողությունները՝ լինում են այդպիսի դեպքեր: Բացի քննչական կոմիտեից, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների վրա ևս դրված է պարտավորություն՝ իրականացնել մոնիթորինգներ երեխաների աշխատանքի ներգրավման վայրերում, ինչն իրականացվում է: Դրա մասին է խոսում այն, որ վերջին տարիներին երեխաներին աշխատանքային շահագործման ենթարկելու վերաբերյալ գործերն այնքան էլ շատ չեն: Մեր հարգարժան ծնողներին մշտապես խորհուրդ կտանք՝ երեխաների հետ կապված ամենատարբբեր հարցերում, բնականաբար, պահպանել առավելագույն զգոնություն:
– Ինչպիսի՞ մասնագիտական հմտություններ են պահանջվում Ձեր կողմից ղեկավարվող վարչության քննիչների համար՝ ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված:
– Ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ մեր վարչության քննիչների համար առաջնային պահանջները լավ մարդ և պրոֆեսիոնալ իրավաբան լինելն է, սակայն անչափ կարևոր է, որպեսզի այդ հատկանիշները չխանգարեն միմյանց: Կարևոր սկզբունք է նաև այն, որ բոլորը պետք է գիտակցեն, որ անում են մեկ ընդհանուր գործ և իրենց հետ համատեղ աշխատող անձանց ընկալեն որպես իրենց ընտանիքի անդամների, քանի որ երբեմն աշխատավայում անցկացրած ժամանակը ավելին է, քան անգամ ընտանիքին տրամադրածը, ուստի, ամեն օր աշխատանքի այցելելիս դու պետք է զգաս, որ քո տնից գնում ես աշխատավայր, որտեղ քեզ սպասում են քո ընտանիքի մյուս անդամները: Ընդունված տեսակետ կա նաև, որ իրավաբանությունը շատ դեպքերում պայքար է մարդու խղճի և արդարության միջև, ուստի պետք է կարողանալ ճշմարիտ հավասարակշռել այդ երկու կարևոր արժեքները և կստացվի ցանկալի արդյունք. ըստ իս, յուրաքանչյուր քննիչ պետք է կարողանա նախ լինել արդարության կողմնակից՝ միևնույն ժամանակ չկորցնելով մարդկային կարևոր հատկանիշները:
- Պարոն Համբարյան, Ձեր կարծիքով իրավաբանի մասնագիտությունն ինչպիսի՞ սկզբունքներ է պահանջում մարդուց:
– Նախ՝ սեր ընտրած մասնագիտության և աշխատանքի նկատմամբ, ապա՝ սկզբունքայնություն և աշխատասիրություն:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: