Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)

2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ։
Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը), 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Կատարվել են մի շարք վարութային և դատավարական գործողություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:
Նշանակվել են դատահրդեհատեխնիկական դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր ու դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ պայթյունի պատճառը և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: