Լրահոս
24.01.17, 05:17

Դանակի գործադրմամբ երկու հարված է հասցվել 1960թ. ծնված տղամարդու կրծքավանդակին. առաջադրվել է մեղադրանք

Դանակի գործադրմամբ երկու հարված է հասցվել 1960թ. ծնված տղամարդու կրծքավանդակին. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները:

Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:

Նախնական քննության տվյալներով` Ա.Սուրմենելյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթի տանը հյուրընկալվելիս: Վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ երկու հարված է հասցրել Ա.Սուրմենելյանի կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: