Բազմադրվագ խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ և, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի նախագահ, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ինչին ընկերության տնօրենը համձայնել է: Սակայն չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հետագայում, գումարները վճարելու կեղծ խոստումներով, նա խանութից վերցրել է 3.148.800 ՀՀ դրամի հագուստ, սակայն որևէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, հանդիսանալով հագուստի և ներքնազգեստի խանութների առքուվաճառքով զբաղվող ընկերության խանութների մշտական հաճախորդ, օգտագործելով բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը, ծանոթ լինելով նշված ընկերության գլխավոր մենեջերի հետ՝ նույն անձը վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և հետագայում գումարներ վճարելու կեղծ խոստումներով 2020թ. մայիս ամսվա ընթացքում ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ,սակայն որևէ վճարում չկատարելով՝ նա խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ, ում հայտնել է, որ հանդիսանում է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգբարձուների խորհրդի նախագահ։ Վերջինիս մոտ առաջացրել է վստահություն և Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր և այլ իրեր տրամադրելու անհրաժեշտության ներկայացմամբ, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, հիշյալ բնակչուհու տանը, վերջինիս վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, նրանից ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ և այլ իրեր։ Այդ կերպ Զովք գյուղի բնակչուհուն պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված փաստերի հիման վրա բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ անձն իր կողմից պատճառված վնասից վերականգնել է 1 900 000 ՀՀ դրամը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: