Բացահայտվել է դեկտեմբերի 24-ին «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում տեղի ունեցած սպանությունը. մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում ավազակային հարձակումն իրականացվել է Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու կողմից։
Նախնական տվյալներով՝ վերջինս 2015թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 01-ից մինչև ժամը 02-ն ընկած ժամանակահատվածում, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել և բազմաթիվ հարվածներ է հասցրել Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի աշխատակից Ա.Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան, ապա հափշտակել գումար ու դիմել փախուստի։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։
Քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։