Լրահոս
22.10.21, 11:11

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա.Ն.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և  համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է։

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: