Ավտոլվացման կետի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ հաճախորդի մեքենայից գողություն կատարելու, գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։ Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 7-ին՝ քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու, որի ժամանակ ավտոմեքենայից հափշտակվել է կանխիկ գումար, բանկային քարտ և վերջինիս կցված հեռախոսային համարի քարտը: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն ավտոլվացման կետի աշխատակիցն է՝ ծնված 1995թ.: Բացի այդ, իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 22-ամյա երիտասարդը, ավտոմեքենայից գողացված բանկային քարտի տվյալները օգտագործելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ քաղաքացու քարտային հաշվից կատարել է փոխանցումներ իր խաղային հաշիվներին՝ հափշտակելով զգալի չափի գումար։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: