Արշալույս գյուղի բնակչին ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արշալույս գյուղի 33-ամյա բնակչին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 26-ամյա երիտասարդն, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 13-ին` ժամը 22:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղ տանող ավտոճանապարհին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպել է հիշյալ 33-ամյա տղամարդուն և նրա ընկերներին:
Խոսակցության ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 26-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածել է Արշալույս գյուղի 33-ամյա բնակչի որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: