Արմավիրի մարզի բնակչի դին հայտնաբերվել է կապկպված. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արամավիրի մարզային քննչական վարչության վարույթում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Սիմոնյանի սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: