Լրահոս
29.05.23, 14:47

Ապարանում երեք անձի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հետախուզվողը հայտնաբերվել է. մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

Ապարանում երեք անձի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հետախուզվողը հայտնաբերվել է. մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողոթյոնների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել է յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում,  Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր և ընկերոջ հետ «MITSUBISHI» մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երթևեկելիս, մի քանի անգամ ձայնային ազդանշան են տվել իրենցից առաջ երթևեկող «INFINITI» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդն իր հերթին պատասխան ձայնային ազդանշան է տվել:

Ազդանշան տալու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով «MITSUBISHI» ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է 32-ամյա տղամարդու եղբայրը, շրջանցել է «INFINITI» մակնիշի ավտոմեքենային և կանգնեցրել վերջինիս:

Ավտոմեքենաները ճանապարհի բանուկ հատվածում կայանելու արդյունքում խցանում է առաջացել, ինչի պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են փողոցով երթևեկող այլ անձինք:

Խոսակցությունն աստիճանաբար վերածվել է վիճաբանության, ինչը շարունակվել է Քուչակ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, որի ժամանկ «MITSUBISHI»-ի վարորդը, իր կողմից վարվող ավտոմեքենայից վերցնելով որսորդական հրացանը, կրակել է օդ, ինչից հետո բոլորը հեռացել են նշված վայրից:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանությանը միջամտած անձանցից մեկն իր մտերիմների հետ Ապարան քաղաքի հրապարակում հանդիպել և պարզաբանումներ է պահանջել եղբայրների հետ նույն ավտոմեքենայում գտնված նրանց ընկերոջից, սակայն խոսակցությունն ավարտվել է՝ հետագայում հանդիպելու և պարզաբանումներ կատարելու պայմանավորվածությամբ:

Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում, նույն հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, եղբայրները մի խումբ իրենց կողմնակիցների հետ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող գազալցակայանում հանդիպել են նախորդ օրն իրենց հետ վիճաբանած անձանցից երկուսի հետ, որոնցից մեկին ծեծի են ենթարկել:

Գազալցակայանում վերջինիս ծեծի ենթարկելու, ինչպես նաև նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, մի կողմից եղբայրները, նրանց ընկերը և մի խումբ նրանց կողմնակիցներ, իսկ մյուս կողմից՝ Ապարան քաղաքի՝ թվով 10 և ավելի անձինք տարբեր ավտոմեքենաներով, պայմանավորվածության համաձայն, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում հանդիպել են  Արագածոտնի մարզի Նիգավան համայնք տանող ճանապարհին հարակից «աղբանոց» կոչվող դաշտամիջյան տարածքում:

Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, երկու և ավելի անձանց կյանքից զրկելու նպատակով, նախապես իրենց հետ վերցրած «Churchill» և «ՄՌ-135» մոդելի որսորդական ողորկափող հրացաններից բազմաթիվ կրակոցներ են արձակել ներկաների ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ դեպքից անմիջապես հետո հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկը  գիտակցության չգալով մահացել է 2022թ. հունիսի 20-ին, իսկ երրորդը՝ 2022թ. օգոստոսի 6-ին: Եվս չորս անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մյուս մասով շարունակվող նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում` 2023թ. մայիսի 24-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող երկրորդ մեղադրյալը՝ 32-ամյա տղամարդու ընկերը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: