«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի կողմից 8 անշարժ գույք հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդական, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը):
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Ա.-ն իր կողմից հափշտակված 8 հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի օրինական ձեռքբերման պատրանք ստեղծելու, ինչպես նաև հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ իր մոր հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր, որոնց արդյունքում խարդախության եղանակով հափշտակել է հիշյալ 8 հողամասը՝ միաժամանակ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հողամասերի փոխանցում, ձեռքբերում, տիրապետում և տնօրինում:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: