Ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի հերթական ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ, հիշյալ տան բակում՝ աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար:
Վ.Կ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):
Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: