Լրահոս
08.11.21, 08:22

36-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք անձ (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:

Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: