Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։
2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել:
Հավաքված բազմության կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ․ Դանիելյանի հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ․ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։ Ձևավորվել է քննչական խումբ։
Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: