Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և Ռ.Ռ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները

2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի:
Նույնը օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող անձինք ծագած վիճաբանությունից հետո հետապնդել են մյուս ավտոմեքենային և չթույլատրելի հատվածում կանգնելով խոչընդոտել են վերջինիս տեղաշարժը:
Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում Վ.Մ.-ն իջնելով մեքենայից հարվածել է Տ.Ա.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո իր մոտ գտնվող զենքով հարվածել է Ռ.Ռ.-ին՝ գլխի հատվածում, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին:
Այնուհետև, Վ.Մ.-ն և Ռ.Մ.-ն խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները դիտավորությամբ շարունակել են ընկած վիճակում ոտքերով հարվածներ հասցնել Ռ.Ռ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո Ռ.Մ.-ն կրակել է Ռ.Ռ.-ի ուղղությամբ: Պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումից հետո խումբը դիմել է փախուստի:
Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ռ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):
Վ.Մ.-ի և Ռ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
2024 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: