29.01.2026

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

 

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Այնուհետև, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: 

Մինչդեռ նման պայմաններում, Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ:   

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։