29.08.2023

Քաղաքացին ձերբակալվել է՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական պաստառը վնասելու կասկածանքով

Քաղաքացին ձերբակալվել է՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական պաստառը վնասելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու դեպքի հանգամանքները:

2023թ. օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կուսակցությունը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: